«Լրատուն» նախագծի մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարան նախագիծը գործարկվել է 2011-ին։ Այն անդրադառնում է Անկախության շրջանի առանձին նշանակալի իրադարձությունների ու երևույթների լուսաբանման պատմությանը։ «Լրատունը» չունի առանձին տարածք, այդ պատճառով ընտրված թեմաները ներկայացվում են շրջիկ ցուցահանդեսների ձևով։

«Լրատունը» թանգարան չէ ավանդական իմաստով․ ամեն մի ցուցահանդես յուրօրինակ պատմական հետազոտություն է, որը հրավիրում է այցելուին դառնալ տվյալ իրադարձության կամ շրջանի մասնակից, հասկանալ լուսաբանումների տրամաբանությունը և իրողություններին նայել մեր ժամանակներից, երբ արագորեն փոխվում են լրատվամիջոցների մարտահրավերները։

Ցուցադրությունները ներկայացնում են թեմատիկ հրապարակումներ, տեսանյութեր, վավերագրական ֆիլմեր, լուսանկարներ, մուլտիմեդիա նախագծեր։ Ցուցանմուշներն ուղեկցվում են հեղինակների, լուսանկարիչների, փորձագետների հետ հարցազրույցներով, որ ներկայացնում են քաղաքացիական, բարոյական, մասնագիտական երկընտրանքները, որոնց հետ բախվում է լրագրողը։

«Լրատունը» բազմամեդիա ինտերակտիվ թանգարանի նպատակն է նաև տարածել մեդիագրագիտության գաղափարը, նպաստել մեդիակրթությանը՝ օգնելով հանրության տարբեր խմբերին հասկանալ՝ ինչ է ընտրում մեդիան, ինչու է ընտրում, ինչպես է ցուցա- դրում, ինչ կերպարներ է կարողանում ստեղծել և ինչ հետք է թողնում պատմության մեջ։

«Լրատուն» նախագծի հինգ ցուցադրությունները 2013-ից մինչ օրս ներկայացվել են Երևանում և մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Սյունիքում և Տավուշում։


Ցուցահանդեսներ

Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան

2013

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» «Լրատուն» մեդիա թանգարանի առաջին մուլտիմեդիա ցուցահանդեսն է, որը ներկայացնում է, ինչպես են ժամանակի մամուլը, հեռուստատեսությունը և վավերագրողները լուսաբանել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Ցուցադրությունը ներկայացնում է վավերագրական ֆիլմեր, աշխատանքային և սիրողական նկարահանումների չօգտագործված կադրեր, չհրապարակված փաստաթղթեր և այլ բացառիկ նյութեր։

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի

2018

«Լրատուն» ինտերակտիվ թանգարանի երկրորդ ցուցադրությունը վերջին երեսուն տարիների ամենաաղմկահարույց կոռուպցիոն դեպքերի և դրանց լուսաբանման պատմության մասին է։ Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր՝ 7 ոլորտ և 7 կոռուպցիոն դեպքեր։ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» մուլտիմեդիա ցուցահանդեսը ներկայացնում է լրագրողների անկեղծ խոստովանություններ, հետաքննություններին առնչվող նյութեր՝ հաղորդումներ, հոդվածներ, ռեպորտաժներ, ֆիլմեր, լուսանկարներ, ելույթներ, չհրապարակված արխիվային նյութեր։

Առանց գրաքննության

2020

«Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018»-ը «Լրատուն» նախագծի երրորդ ցուցահանդեսն է։ Ցուցադրությունը ներկայացնում է մեդիայում պրոպագանդայի, արտաքին ու ներքին վերահսկողության, լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ ճնշումների ու բռնության առավել ցայտուն օրինակները։ Խորհդային գրաքննությունը ճաք է տալիս… բայց անկախ Հայաստանում նույնպես փակվում են թերթեր ու հեռուստատեսություններ, ծեծվում լրագրողներ, ազգային արժեքների շահարկմամբ ստեղծվում նոր պրոպագանդիստական կաղապարներ։ Ցուցահանդեսը համառոտ ուղեցույց է տարբերելու անաչառ լրատվությունը կողմնակալից, կաշառված մեդիան անկախ լրատվամիջոցից։

Մարդը ափի մե՞ջ

2022

«Մարդը ափի մե՞ջ, լրագրողի տեսանկյուն»-ը ցուցադրությունը պատմում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրների մասին։ Ուսումնասիրության համար առանձնացվել են մարդու իրավունքներից 4-ը՝ կարծիքի արտահայտման ազատության, ռասայական, կրոնական, ազգային խտրականության, սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության և աշխատանքի իրավունքը։ Մեդիան շատ հազվադեպ է անդրադառնում այս թեմաներին։ Ցուցահանդեսը շեշտադրում է այդ լուսաբանման սակավությունը կամ պրոակտիվության պակասը։

Հակամարտության լրագրության դրվագներ

2023

«Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը վերջին 30 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման գործում հայկական մեդիայի աշխատանքի մասին է։ Արխիվային տեսանյութեր, տարբեր տարիների փաստավավերագրական լուսանկարներ, տարբեր լրատվամիջոցների հեղինակած մուլտիմեդիա նախագծեր։ Ցուցադրությունում ներառված յուրաքանչյուր նյութ պատմում է հակամարտության տարբեր ժամանակաշրջանների մասին։