Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարան նախագիծը գործարկվել է 2011-ին։ Այն անդրադառնում է Անկախության շրջանի առանձին նշանակալի իրադարձությունների ու երևույթների լուսաբանման պատմությանը։ «Լրատունը» չունի առանձին տարածք, այդ պատճառով ընտրված թեմաները ներկայացվում են շրջիկ ցուցահանդեսների ձևով։
«Լրատուն» նախագծի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց սովետական մեդիան» վերնագրով ցուցահանդեսը բացվեց 2013 թ. սեպտեմբերին։ Այն երկու ամիս շրջագայեց Հայաստանի չորս մարզում՝ Շիրակի (Գյումրի), Լոռու (Վանաձոր), Գեղարքունիքի (Մարտունի), Սյունիքի (Կապան), ապա ներկայացվեց Երևանում։
Երկրորդ՝ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը մեկնարկեց Երևանից, 2018 թ. փետրվարին, ապրիլին ներկայացվեց Գյումրում, հունիսին՝ Վանաձորում և Գորիսում։
Ցուցահանդեսի հիմնական բովանդակությանը զուգահեռ, որ ներկայացվում է հպէկրանների տարբեր բաժիններում, փոքրիկ կինոդահլիճում ցուցադրվում են հազվագյուտ, գրաքննության բախված ֆիլմեր, տեսացույցներին՝ թեմային բնորոշ ռեպորտաժներ, պատանիներին առաջարկվում է մեդիագրագիտության երեք խաղ, ձևօրինակման սենյակի կանաչ պաստառի դիմաց կանգնած այցելուները երևակայական ռեպորտաժներ են վարում, և «Լրատունը» նրանց նվիրում է տեսանյութը, աշխարհի՝ իրենց նախընտրած վայրի ու իրադարձության խորապատկերին։ Թվարկված նյութերի մեծ մասը հասանելի է կայքում։
«Լրատունը» թանգարան չէ ավանդական իմաստով․ ամեն մի ցուցահանդես յուրօրինակ պատմական հետազոտություն է, որը հրավիրում է այցելուին դառնալ հետաքննական արկածի մասնակից, անձնապես բացահայտել ճշմարտությունը՝ լրագրողական հաճախ իրարամերժ հրապարակումների հիման վրա։
«Լրատունը» բազմամեդիա ինտերակտիվ թանգարան է, որը տարածում է մեդիագրագիտության գաղափարը/նպաստում է մեդիակրթությանը՝ թույլ տալով այցելուներին հասկանալ, թե ինչ է ընտրում մեդիան, ինչու է ընտրում, ինչպես է ցուցադրում, ինչ կերպարներ է կարողանում ստեղծել և ինչ հետք է թողնում պատմության մեջ։
Ցուցանմուշներն ուղեկցվում են հեղինակների, լուսանկարիչների, փորձագետների հետ հարցազրույցներով, որ ներկայացնում են քաղաքացիական, բարոյական, մասնագիտական երկընտրանքները, որոնց հետ բախվում է լրագրողը։