Սկիզբ
Հետ
«Դե, ուրեմն, մոռանանք մեր «երկպառակությունը, թերասացությունները, անհասկացողությունը»։ Սովետական Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգան «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Վ. Աֆանասևի ցավակցական հեռագրից։ Աֆանասևը կոչ է անում մոռանալ ԹԵՐԹԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ միջև եղած «երկպառակությունը, թերասացությունները, անհասկացողությունը»։ Միաժամանակ «Պրավդան» իր դեկտեմբերի 8-ի համարում ՆՈՒՅՆԻՍԿ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԼՈՒՐԸ, թեև նախորդ օրը հեռուստատեսությունը և օրվա մյուս թերթերն արդեն իրազեկել են աղետի մասին - «Լրատուն»։
«Վերցնենք, օրինակ, Լենինական քաղաքը, նոր շինարարության տարածքների հատկացման հարցը։ Նախ հարգելի գիտնականները եզրակացություն են տալիս, ես նկատի ունեմ` հանրապետությունում, որ հյուսիսարևմտյան մասն ամենահարմար ու համապատասխան գոտին է։ Մի քանի օր անց տալիս են հակադիր որոշում... Այդպիսի հակասությունը նույն անձանց կարծիքներում... պարզապես անթույլատրելի է»։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյան։ Հանրապետական կուսակցական ակտիվի ժողովի արձանագրությունը։ 1989 թ., հունվարի 17։
«...երկրաշարժագետները չեն արձագանքել ուժեղ ստորգետնյա ցնցումներին, որոնք եղել են դեռ դեկտեմբերի 6-ին, [չի եղել] պատմական տվյալների հաշվառում այն մասին, որ Սպիտակը, նախկին Համամլուն, 1827-28 և 1834 թթ.-երին ամբողջովին ավերվել է երկրաշարժի հետևանքով»։ ՀԿԿ Սպիտակի շրջկոմի քարտուղար Նորիկ Մուրադյան։ Հանրապետական կուսակցական ակտիվի ժողովի արձանագրությունը։ 1989 թ., հունվարի 17։
«...Կուզենայի բառացի քաղվածք ներկայացնել (Շինարարության պետական տեսչության - «Լրատուն») մի արձանագրությունից, որը կազմվել է 1987 թ. մայիսին... «Նշված թերություններով շենքերի կառուցումը առավել վտանգ է ներկայացնում երկրաշարժային գոտիներում, քանի որ նույնիսկ նվազագույն ցնցումից տեղի կունենա լիակատար փլուզում»։ ՍՄԿԿ կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, ՍՍՀՄ մինիստրների սովետի նախագահ Նիկոլայ Ռիժկով։ Հանրապետական կուսակցական ակտիվի ժողովի արձանագրությունը։ 1989 թ., հունվարի 17։
Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքի սառն ու անտարբեր ղեկավարությանը ձեռնտու է, որ բնակիչներն ապրեն ժամանակավորապես հարմարեցված շինություններում։ Եվ դա` այն ժամանակ, երբ Ռուսաստանի մարզերում բնակարանային կարիքը, հատկապես` գյուղերում, բնավ պակաս չէ, քան Լենինականում` այսօրվա դրությամբ»։ Եղել են պահեր, երբ սովետական բարձր ղեկավարությունը չի կարողացել թաքցնել իր զայրույթը տեղի կոմունիստ ղեկավարների վատ աշխատանքի պատճառով։
«Երկրաշարժի հետևանքները խորացրել են 1978 թ. Սպիտակի-Կիրովականի-Ստեփանավանի շրջանի նորմատիվային երկրաշարժակայունությունը 8 բալից 7-ի իջեցնելը։ Երկրաշարժային շրջանավորման քարտեզի Հայաստանի տարածքի բաժնի պատասխանատու կատարողը եղել է հանրապետական Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտը»... ՍՍՀՄ մինիստրների սովետի նախագահ Նիկոլայ Ռիժկով։ Քաղբյուրոյի` Հայաստանում Երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահության 1989 թ. մայիսի 12-ի նիստի արձանագրությունից։
«Հարգելի Նիկոլայ Իվանովիչ։ [...] Յոթ ամիս է անցել, բայց բնակելի, սոցկուլտկենցաղային օբյեկտների և քանդված ձեռնարկությունների շինարարությունն ու վերականգնումը դեռևս գտնվում է նախնական փուլում։ Այսպես, բազմաթիվ օբյեկտներ դեռ չեն սկսվել ներգրավված կազմակերպությունների կողմից, իջեցվում են առաջին կիսամյակի և երրորդ եռամսյակի պլանները։ 1989 թ. քաղաքներում և շրջանային կենտրոններում պետք է կառուցվի 1440 հազար քմ բնակմակերես, բայց առաջին կիսամյակում ծրագրված է միայն 124 հազար քմ-ի հանձնում, այսինքն, 10 տոկոսից պակաս։ Բայց այդ պլանն էլ չի կատարվելու։ Սպասվում է միայն 14,5 հազար քմ-ի հանձնում»։ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի նամակը ՍՍՀՄ Նիկոլայ Ռիժկովին։
ՍՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ այն արտասահմանյան քաղաքացիներին «Անձնական քաջության համար» շքանշանով պարգևատրելու մասին, ովքեր առանձնահատուկ կերպով աչքի են ընկել Հայկական ՍՍՀ-ում երկրաշարժի հետևանքները վերացնելիս։ 1989 թ. հոկտեմբերի 27։ Ցուցակում շուրջ 150 անուն է. նրանցից միայն հատուկենտ անձանց են անդրադարձել ԶԼՄ-ները - «Լրատուն»։
ՍՍՀՄ ԱԳՆ զեկուցագիրը, 1988, դեկտեմբերի 22։ «Շպիգել» հանդեսը մատնանշում է, որ փրկարարական աշխատանքները երեք ժամով դադարեցվեցին, որպեսզի քաղաքը «նախապատրաստվի» ընկ. Գորբաչովի այցին, ինչը հարուցեց փրկարարական աշխատանքների մասնակիցների տարակուսանքն ու ցավը։ Ըստ դեկտեմբերի 15-ի շվեյցարական «Էբդո» հանդեսի, տարբեր երկրներից ժամանած փրկարարները գործնականում անտերության էին մատնված։ Երեկոները նրանք հավաքվում էին քաղաքի կենտրոնում, որպեսզի որևէ կերպ համակարգեն իրենց գործունեությունը»։ ՍՍՀՄ ԱԳՆ զեկուցագիրը, 1988, դեկտեմբերի 22։
«Ուզում եմ մի գործնական խորհուրդ տալ բոլոր այն վրաններում բնակվողներին, որտեղ այսպես կոչված «Բուրժույկաներ» կան։ Տաքությունը պահպանելու համար պետք է այդ վառարանները պատել սալաքարերով, որոնցից Հայաստանում շատ կա... Այդ մեթոդը ստուգված է գործնականում Զինված ուժերում երկարամյա ծառայության ընթացքում»։ Պահեստի փոխգնդապետ Վլադիմիր Նիկոլաևիչ Մոկրոուսովի նամակը ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ Ռիժկովին։ Այսպիսի հազարավոր հուզիչ նամակները քիչ անդրադարձ են ունեցել մամուլում`զիջելով իրենց տեղը հանգանակված գումարների ու ապրանքների թվարկմանը։