Գրիգոր Ջանիկյանը իր «Փյունիկ թռչունի սլացքը» (1988, դեկտեմբերի 23, «Գրական թերթ») ռեպորտաժում կիրովականցիների մի ամբողջ զրույց է մեջբերում այս թեմայով. «Սկսվել է «Ժամանակ» ծրագիրը, էկրանին լենինականցի ջահել բենզավաճառն է, նրա գողացած հրացանը, սուրը, դրամի կապոցը...
- Ամբողջ Հայաստանում ուրիշ մարդ չգտա՞ն: Թող մեր վարորդ Անդրեին ցույց տային, որի տնից միաժամանակ վեց դագաղ հանեցին, բայց խեղճը չգժվեց, հաջորդ օրն իր բեռնատարով գնաց փլատակ մաքրելու:
- Թող ստեփանավանցի ինժեների մասին պատմեին, որ մի ամբողջ դասարան փրկեց ու վերջում զոհվեց ինքը»:
Հոդվածագիրը չի մեկնաբանում կիրովականցիների ասածը, բայց այն օրերին բոլորի համար հասկանալի էր, որ «ձեռքի հետ» վարկաբեկվում էր ՍՍՀՄ ամենաըմբոստ հանրապետությունը` Հայաստանը։