Հետ
«Ինչու՞ պետք է աղետից հետո ժամերով սպասենք իմանալու համար, թե մեր փոքրիկ հանրապետությունում ինչ է կատարվել, ինչու՞ աղետի միայն 7-րդ օրը պիտի ճշտվի, որ երկրաշարժից զգալիորեն տուժել է ոչ թե 28, այլ 48 բնակավայր»։ «Ճանապարհ ցավի միջով», Նովիկ Դարբինյան («Ավանգարդ», 1988, դեկտեմբերի 18)։
«Ի վերջո, չի կարելի կործանարար երկրաշարժից փրկված մարդկանց բնակեցնել անգամ 2-3 հարկանի տներում, որոնք կառուցված են ավելի վատ գետնի վրա, քան այն գետինը, որի վրա կառուցվել էր փլված Լենինականը»։ (Հեղինակը չի հասկանում, թե ինչու՞ է քաղաքը վերակառուցվում ավերված ու սևահողային Մարմաշեն գյուղի և ոչ թե համարյա չտուժած ու սակավահող Այգեբաց գյուղի տարածքում)։ «Չի կարելի խաղալ Լենինականի բախտի հետ», ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Գեորգ Տեր-Ստեփանյան (1989, մարտի 31, «Գրական թերթ»)։
«...պետշինը ընդամենը կազմել է... մի վիթխարածավալ ցուցակ: Անհատույց օգնության 78 առաջարկներից 22–ը անգամ չեն քննարկվել: Համատեղ ձեռնարկություն ստեղծելու 36 առաջարկից չի քննարկվել 20–ը... [...] «բարեգործական հատկացումներից» 600 միլիոն ռուբլի նախատեսվում է ծախսել... վարսավիրանոցներ, լվացքատներ սարքելու վրա»։ «Քայլ դեպի նորը», գրող Սեդա Վերմիշեւա, ԵՊՀ դասախոս Լևոն Հակոբյան, ինժեներ-շինարար Աշոտ Խաչատրյան («Գրական թերթ», 1989, օգոստոսի 4)։
«Գյուղի մարդիկ հպարտ չեն, ցրիչ էլ կուղարկեին, բայց ախր նրանց ոչ մի տեղ չէին թողնում – ճանապարհները փակել էին զինվորականները... Միայն Հայաստանի գպետագրոարդը 800 աշխատակից ունի […] Ինչու՞, ուրեմն ոչ ոք չի շտապում գյուղ»։ «Ջաջուռի սև օրերը», Ա. Մորգաչյով («Սելսկայա ժիզն», 1988, դեկտեմբերի 14)։
Ինչու՞ է սովետական շինարարությունն այդքան անորակ. բետոնե սալերը փշրվում են օդում - «Լրատուն»։ Լուսանկարը` Հովհաննես Արմենակյանի («Ավանգարդ», 1988, դեկտեմբերի 16)։
Անահիտ. «Բայց վերջն ի՞նչ է պատահել։ Պայթյու՞ն։ Պատերա՞զմ։ Աշխարհի վե՞րջն է։ Իսկ գուցե երկրաշա՞րժ է։ Հիշեցի, ինչպես չորս ամիս առաջ քաղաքում խոսում էին, որ Նալբանդ գյուղի մոտ (Երկրաշարժի էպիկենտրոնը - «Լրատուն») մի հորատանցքից ծխի քուլաներ են սկսել դուրս պրծնել, և եկվոր երկրաշարժագետների խումբը հանգստացրել է, թե ոչ մի վտանգավոր բան չկա»։ «48 ԺԱՄ պայքարել են կենդանի թաղված Ա. Էլչուջյանի կյանքի համար Սևանշին» տրեստի շինվարչության աշխատակիցները», Ա. Բաղդասարյան («Կոմունիստ» թերթի 1988, դեկտեմբերի 15)։ Ինչու՞ ոչ մի լրագրող չի գնացել այս հրապարակման հետքով - «Լրատուն»։
«Պետք են զննումներ ու ստուգումներ. ճաքեր չկա՞ն, ինչպե՞ս են եռակցված, ի՞նչ վիճակում են պատերը։ Հատկապես` դպրոցներում ու հիվանդանոցներում։ Այդպիսի կանխարգելմամբ ՍՍՀՄ-ում զբաղվում են, ասենք, Հեռավոր Արևելքում։ Կովկասում դա չի արվել նույնիսկ ամենասպառնալի շրջաններում»։ «Ինչ դեռևս չենք կարող, որ արդեն պարտավոր ենք անել» Գենադի Սոբոլև, ՍՍՀՄ-ում երկրաշարժերի կանխագուշակման փորձագիտական խմբի նախագահ («Մոսկովսկիե նովոստի», 1988, դեկտեմբերի 18)։
«...Ընթերցողական նամակով Գոմելից հարցնում են, ինչու՞ է ավերածությունների գոտում պարետային ժամ մտցրած, ինչու՞, երբ փլատակները բացելու համար ձեռքերի պակաս կա, զինվորները շարունակում են պարեկային ծառայություն կատարել։ [...] Սպիտակում մի քանի դեսանտայինների հրամայեցին շրջափակել ոսկերչական խանութը։ [...] Չորրորդ օրը նրանք եկած մեքենային բարձեցին բոլոր չորս անկիզելի պահարանը»։ «Դժբախտությունը ամրության փորձարկում է», Մ. Գուրտովոյ («Սովետսկայա տորգովլյա», 1988, դեկտեմբերի 20)։
«Կառուցելով «արագ ու էժան», մենք լուծում ենք բնակչության կացարաններով ապահովելու այսրոպեական սոցիալական խնդիրներ։ Իսկ ի՞նչ պատկեր կլինի, եթե մեր «9-բալանոց սեյսմաակտիվ գոտին» նորից դրսևորի իր բարքը»։ «Մտածելու բան կա», Սեյնտնիյազ Ատաև, գրող («Տուրկմենսկայա իսկրա», 1988, դեկտեմբերի 17)։
Գրիգոր Ջանիկյանը իր «Փյունիկ թռչունի սլացքը» (1988, դեկտեմբերի 23, «Գրական թերթ») ռեպորտաժում կիրովականցիների մի ամբողջ զրույց է մեջբերում այս թեմայով. «Սկսվել է «Ժամանակ» ծրագիրը, էկրանին լենինականցի ջահել բենզավաճառն է, նրա գողացած հրացանը, սուրը, դրամի կապոցը...
- Ամբողջ Հայաստանում ուրիշ մարդ չգտա՞ն: Թող մեր վարորդ Անդրեին ցույց տային, որի տնից միաժամանակ վեց դագաղ հանեցին, բայց խեղճը չգժվեց, հաջորդ օրն իր բեռնատարով գնաց փլատակ մաքրելու:
- Թող ստեփանավանցի ինժեների մասին պատմեին, որ մի ամբողջ դասարան փրկեց ու վերջում զոհվեց ինքը»:
Հոդվածագիրը չի մեկնաբանում կիրովականցիների ասածը, բայց այն օրերին բոլորի համար հասկանալի էր, որ «ձեռքի հետ» վարկաբեկվում էր ՍՍՀՄ ամենաըմբոստ հանրապետությունը` Հայաստանը։