Հետ
«07.12.88. Ականատես Գոհար, հանրախանութի աշխատակցուհի. «Վերևից ինչ ասես թափվեց, ամեն ինչ փոշու մեջ կորավ։ […] Ոչ էլ հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Երևի ռմբակոծում են անտեր շները: ..Ինչ-որ տեղից լույս ներս ընկավ... [...] մեզ էդ գերեզմանից դուրս քաշեցին: Նայում եմ քաղաքին ու լեզուս բռնվում է: Քաղաքն ո՞վ է քանդել: Ժաժքը, էլ ո՞վ, ժաժք եղավ: Իսկ մենք գիտեինք, թե հարձակում է»... «Գոյության առեղծվածին մերձ», Վահան Թամարյան («Նորք» ամսագիր, 4, 1989, 76-77 էջեր)։
«ԱՆԱՀԻՏ. Հստակ, հենց կողքիս քլունգի հարված լսեցի։ Հետո` ևս մեկը, երկրորդը։ Պատի մեջ տեղաշարժվեց քարը։ Բացված անցքից մարդու տեսա։ Ավելի ուշ իմացա, որ իմ փրկչի անունը Դավիթ է։ [...] Լսեցի, թե ինչպես իմ հետևից ընկավ փլվեց չարաբաստիկ սալը։ Վերջինը, որ տեսա, հորս ու ամուսնուս ինձ մեկնված ձեռքերն էին»։ «48 ԺԱՄ պայքարել են կենդանի թաղված Ա. Էլչուջյանի կյանքի համար Սևանշին» տրեստի շինվարչության աշխատակիցները», Ա. Բաղդասարյան («Կոմունիստ» թերթի 1988, դեկտեմբերի 15)։
Մարինե Նորոյան. «Մի դուստրս գրկիս էր, մյուսը սեղմվել էր ոտքերիս։ Սիրտս պայթում էր սարսափից»... Սերո (ամուսինը). «Հրաշքով դուրս պրծնելով Կարի ֆաբրիկայի փլված մասնաշենքից, որտեղ աշխատում եմ... վազեցի մեր տան կողմը... Ամբարձիչ բերեցինք ու սկսեցինք բետոնե սալերը զգույշ պոկել-հանել։ Կյանքովս մեկ պարտական եմ «Նաիրիտ» արտադրական միավորման տղաներին, ովքեր 32 ժամ պայքարեցին իմ ընտանիքի կյանքի համար։ Նրանց հաջողվեց 15 մարդ փրկել։ Երբեք չեմ մոռանա Բորիս անունով տղային ու նրա ընկերոջը, ում «Մայոր» էին ասում... [...] Իմ ընտանիքը երախտապարտ է նաև 37 դպրոցի ուսուցչուհի Թովմասյան Մարգոյին։ Նա փրկել է ամբողջ դասարանը, այդ թվում և` իմ ավագ դուստր Աննային»։ «32 ժամ արգելանքի մեջ» Ռ. Բաղդադյան, «Կոմունիստ», 1988, դեկտեմբերի 9)։
Վեցամյա Խաչիկ. «Տխուր ու սարսափելի էր... պապան գլխիվայր կախված էր ու պինդ բռնել էր ինձ»։ Նաթելա` Խաչիկի մայրը. «Նա մեզ համար փրկել է... մեր մինուճար զավակին։ Հինգ ժամ կախված է եղել գլխիվայր։ Մինչև ոսկորը պատռված ուսով։ Ո՞նց է դիմացել»։ («Գլխավորը մարդկանց փրկելն է», Ս. Բաբայան, «Գուդոկ», 1988, դեկտեմբերի 14)։
Մարզադպրոցի տնօրեն Վաչագան Հարությունյան. «...մոտ 50 երեխա էր պարապում։ Ինչ բախտ էր, որ երկրաշարժից հինգ րոպե առաջ պարապմունքը վերջացավ... Երբ որ ինձ փորեցին-հանեցին, ուժս պատեց մենակ հարցնելու. «Ամսի քանի՞սն է»։ Պատասխանեցին. «Տասը»։ […] Արդեն այստեղ, Թբիլիսիում իմացա, որ տղաներս... ողջ են։ Ինչ է պատահել աղջիկներիս ու կնոջս, դեռ չգիտեմ»։ «Հույսն օգնում է ապրել», Մ. Անջելյան, Դ. Կակաբաձե («Սովետսկի սպորտ», 1988, դեկտեմբերի 17)։
«...Միայն ավտոմեքենաների լուսարձակներն էին լուսավորում փրկարարական աշխատանքների տեղը։ Ձեռքերով, բահերով զինվորներն անցք էին բացում։ Դեկտեմբերի 8-ի առավոտ... կնոջ գլուխ տեսան։ - Ձեր անունն ի՞նչ է։ - Սուսաննա։ - Կարո՞ղ եք դեպի մեզ շարժվել։ - Ոչ»։ «Հերոսի անունն է` Բանակ», Ստանիսլավ Կոստերին («Սովետսկայա Ռոսիա», 1988, դեկտեմբերի 16)։
«ԼԵՆԻՆԱԿԱՆ. «Ես հրաշքով դուրս սողացի փլատակների տակից,- պատմում է ծննդաբերական բաժանմունքի վարիչ Լիդիա Սարգսյանը։- Բայց, կարծում եմ, որ դրանց տակ դեռ վաթսուն մայրեր են մնացել»։ […] Հիվանդանոցից դուրս են բերել նորածիններին` բոլորը ողջ են»։ «Վերք Հայաստանի», Վիկտոր Լոշակ, Անդրեյ Պրալնիկով, Ալեքսեյ Ֆյոդորով(«Մոսկովսկիե նովոստի», 1988, դեկտեմբերի18)։
«ԼԵՆԻՆԱԿԱՆ. «Ես հրաշքով դուրս սողացի փլատակների տակից,- պատմում է ծննդաբերական բաժանմունքի վարիչ Լիդիա Սարգսյանը։- Բայց, կարծում եմ, որ դրանց տակ դեռ վաթսուն մայրեր են մնացել»։ […] Հիվանդանոցից դուրս են բերել նորածիններին` բոլորը ողջ են»։ «Վերք Հայաստանի», Վիկտոր Լոշակ, Անդրեյ Պրալնիկով, Ալեքսեյ Ֆյոդորով(«Մոսկովսկիե նովոստի», 1988, դեկտեմբերի18)։
13-ամյա Վալերիկ, Լենինականից. «Ֆիզկուլտի դասը դեռ չէր սկսվել... մենք երկրորդ հարկի դահլիճում մարզազգեստբեր էինք հագնում... Ես թռա լուսամուտի գոգին, քաշեցի ընկերոջս` ոտքը ինչ-որ անցքի մեջ էր ընկել, ճզմվել... Ով մեզ նման կարողացել էր դուրս ցատկել, փրկվեց, ով միջանցքներում էր, մեռավ։ Սիրածս էլ մեռավ»։ «Օրեր առանց լուսաբացի», Մեսրոպ Հարությունյան («Արաքս», օրգան ՀԿԿ Մեղրու շրջկոմի և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի, 1989, հունվարի 3)։